Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հոգու և ճյուղի ճամփաների ուխտավորը

Հոգու և ճյուղի  ճամփաների ուխտավորը
05.05.2015 | 10:42

«ԱՐՄԱՏԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՃՅՈՒՂԱԽԻՏ ՊԱՀԵԼ ԾԱՌԸ»


Հազար-հազար տեսք ու կերպարանք ունի հիշողությունը: Հազար-հազար երգ ու պար այդ հիշողության ճամփեքով եկան-հասան մեզ՝ անխառն ու վճիտ, նախնական տեսքով ու հմայքով, Էրգրի կարոտն իրենց մեջ: Ամեն երգի մեջ, ամեն պարի մեջ էն Էրգրի աղջիկն ու տղան են, էն Էրգրի պատիվը պահող ֆիդային, էն մարեն, էն ծերունին: Երգը եկավ, որ Էրգրի կարոտը մնա, մնա հիշողության ու մեր ճանապարհի շարունակություն, մեր լինելության վկայություն որպես: Այս ի՞նչ մեծ խորհուրդ կա այդ երգի, այդ պարի մեջ, այս ի՞նչ կապվածություն կա, որ հարազատորեն իրենն է դարձնում քեզ, և քոնն է դառնում ինքը:
Ո՞վ բերեց այդ երգը, այդ պարը, ո՞վ կարողացավ այդչափ անաղարտ պահել և երգաշատ հոգու մաքրությամբ ներկայացնել հայրենակարոտ կուտակումները բոլոր՝ գուրգուրանքով, քնքշանքով ապահովելով դրանց մաքուր ու անաղարտ տարածումը: Հազա՜ր երանի երգի երախտավորներին: Դատապարտվածի դաժան մի ճամփա էր նրանց անցածը՝ հարկադրաբար անցած ճանապարհը, որը մեր հոգու, մեր կարոտի մասը մնաց:
Բազում երախտավորներից Հայրիկ Մուրադյանը, ով իր անթեղված կարոտի յուրովի մեկնությունն ունի ոչ այնքան խոսքով, պատմելով, որքան արած գործով:
Հայրիկ Մուրադյանն այդ ճամփեքով անցավ, երբ ընդամենը 9 տարեկան էր: Անպատմելի մի հիշողություն պիտի ունենա մարդ, ով դեռ իննամյա, անցնելով գաղթի այդ ահավոր ճանապարհը, հետո, շատ հետո վերհիշի ու վերականգնի լսած երգերը:
Հայրիկ Մուրադյանը երաժշտական կրթություն չուներ, բայց դու մեր հին ճարտարապետության հուշարձանները կառուցող այն ո՞ր վարպետին կհարցնես, թե այդ ո՞ր ուսումնական հաստատությունում ես ուսանել քիվերի փորագրության այդ զարմանալի արվեստը: Հայրիկին էլ չտալով նման հարց, տարակուսում ես, թե նրան ի՞նչ կոչես՝ բանահավա՞ք, բանասե՞ր, պատմաբա՞ն, երգի՞չ... Միայն այդքա՞նը, երբ այդ ակամա ուխտավորը ութ տասնամյակ շարունակ զբաղված է եղել հայ ազգային մշակույթի ակունքները մաքուր պահելու և նոր սերունդներին հասցնելու ազգահաճո գործով: Եվ այսօր ռադիոյի ոսկե ֆոնդում թողել է մոտ 300 երգ՝ որպես սերունդներին ազգային մշակույթի ակունքներին վերադառնալու միջոց և հնարավորություն:
Մենք սովոր էինք նրան միշտ մեր կողքին տեսնելու, նրան լսելու և նրա երգերը երգելու: Սովոր էինք իրենից սովորելու և իր հորդորով տարածելու այդ երգերը՝ «Իմ և քո երգ չկա, երգը բոլորինս է, և որքան շատ տարածվի, այնքան շատ կապրի»: Մենք սովոր էինք նաև նրան պարզապես Հայրիկ անվանելու, որը և՛ Վարպետ էր նշանակում, և՛ Նահապետ, և՛ երախտավոր ու տանու հարազատ մարդ: Մխիթարվենք, որ սիրելի Հայրիկը ապրեց ամբողջ իննուկես տասնամյակ: Ապրեց միշտ մեր կողքին ու մեզ հետ՝ մեր միջավայրը լցնելով իր բյուրեղյա մաքրությամբ երգերով ու պարերով, որոնք մարմին առան նախ իր դստեր՝ Մարո Մուրադյանի ստեղծած ու ղեկավարած «Ակունք» ազգագրական անսամբլում, ապա «Վասպուրական» համույթում, հետո տարածվեցին իր սաների նորաստեղծ խմբերի, անհատ երգիչ-երգչուհիների կատարմամբ: Սերունդների շուրթերին շարունակ հնչող այդ երգերը մեր ազգային մշակույթի, մեր երգարվեստի հայրենակարոտ կուտակումներն են՝ նաև Հայրիկի հովանիով վերընձյուղված, մաքուր և անաղարտ, ինչպես երգվում էին առաջ, ինչպես երգվում են հիմա: Այդ երգերի ոգու արտահայտության և նշանակության մասին ավելի բնորոշ մեկը չէր ասի, քան Հայրիկն ինքը. «Այս երգերում արտահայտված են աշխատասիրություն, անձնազոհություն, նվիրվածություն ազգին: Այդ երգերի մեջ նկատելիորեն ցայտուն են մեր ազգային երգաոճը, մեր երաժշտության արմատները, այն արմատները, որ մեզ կապում են մեր բուն երգարվեստին: Դրանց տարածման միջոցով առավել դյուրին է հայրենասիրության ոգին փոխանցել նոր սերնդին»:
Երիցս օրհնյալ են Հայրիկի անցած ճանապարհը, նրա նախանձելի հիշողությունը, կյանքի գործ դարձրած նրա նպատակը՝ գուրգուրանքով, քնքշանքով պահպանել, փայփայել ու սերունդներին տալ ապուպապոտ մեր երգն ու պարը:
Ես չգիտեմ, թե Հայրիկի երգերը տարածող երգիչներից ով ինչ ապրումներ ունեցավ, երբ լսեց երգի Նահապետի վախճանի լուրը, բայց մի բան բաց ափի պես պարզ է՝ նրանց համար իրենց անելիքն արդեն կյանքի գործ է դառնում՝ երգել ավելի շատ, տարածել ավելի շատ: Սա Հայրիկի ոգու գոյությունն է ու զորությունը, քանզի հոգու և ճյուղի ճամփաները անշրջանցելի են: Այդ ճամփաներն ուր էլ տանեն, իրենց սկզբում մշտապես նշմարելի պահում են սկզբնական այն արահետը, որին մենք սովոր ենք ակունք անունը տալու: Դրա հավաստումի մեծ օրինակը Հայրիկ Մուրադյանի կյանքն էր՝ արմատի զորությամբ ճյուղախիտ պահել ծառը:
Հոգու և ճյուղի ճամփաներով անցավ Հայրիկը: Շատախ աշխարհի Ջնուկ գյուղից սկսած, ուր «ամեն տղա պարում էր և ամեն աղջիկ երգում»: Անցավ Զոզան մայրիկի հետ՝ Շատախի, Վասպուրականի, Մշո ժողովրդական ու ծիսական երգերին ունկնդիր ու այդ երգերը շուրթերին: Անցավ պապի եղբայր Զբրոնի ու նրա հովվական ընկեր Բազկե Շահինի հետ՝ «Սասնա Դավիթ» երգապատումով, Վանրագյուղի Հարությունի հետ՝ հոգևոր և հայրենասիրական երգերով: Անցավ Բազկե Միրզոյի հետ՝ պարեղանակներով: ՈՒ այդ բոլորը մեկիկ-մեկիկ, կաթիլ-կաթիլ հավաքեց, կոմիտասյան խնամքով ու երկյուղածությամբ բերեց-հասցրեց մեզ: Երեք հարյուրից ավելի ֆոնդային ձայնագրություններ հանրային ռադիոյում, ԱՄՆ-ում Ալան Հովհաննեսի հրատարակած «Շատախ» ալբոմում և հայ երգը սիրող բոլոր բոլորի շուրթերին:

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՆՑՈՐԴ ԵՆՔ, ԵՐԳՆ Է ՄՆԱՅՈՒՆԸ
...1985 թվականին, երբ բոլորել էր Հայրիկ Մուրադյանի ութսունամյակը, պոլիտեխնիկական ինստիտուտի դահլիճում երգի նահապետի պատվին հավաքվել էին այն խմբերն ու անհատ կատարողները, որոնց երգացանկում Հայրիկի` պատմական Հայաստանից բերած երգերն էին: Շատախցու տարազով մի աղջնակ բարձրացավ բեմ: Ալեզարդ Հայրիկն էր բեմում և այդ աղջնակը: Տարիները ձուլվեցին իրար, ժամանակները եկան-խառնվեցին այն գեղեցիկ երգի մեջ, որով այդ փոքրիկը ողջունեց երգի նահապետին: Առաջին զարմանքն անցավ, և ահա երկրորդը, երբ հայտարարվեց, թե 9-ամյա Սեդա Ստամբոլցյանը «ազգագրական երգերի համամիութենական փառատոնի դափնեկիր է»: Հայրիկն այդ տարիքին էր, երբ անցավ գաղթի ճամփեքով` Շատախ, Վան, Միջագետք..., և ինչպես մի ուխտավոր, երկար, շատ երկար դեգերումներից հետո, հայրենիք հասավ` երգերով ծանրաբեռ, որոնցից մեկն ահա այդ աղջնակի երգածը:
Հայրիկը հուզված էր, և ջահելներին ուղղված նրա խոսքը սոսկ ողջույն կամ շնորհակալություն չէր, այլ հայրական օրհնություն ու հորդոր. «Մեր երեխաներից հայկականություն է բուրում, անուշ բուրմունք է ծորում: Նրանց միջավայրում հայի ակունքներն են արթնանում: Երգ հավաքելը, կատարելն ու տարածելը սուրբ զգացում է: Երգը մարդու հոգին մաքրում է: Երգը հզորագույն դաստիարակիչ միջոց է: Մշակույթի մեջ երգն իր պատվավոր տեղն ունի: Հիշենք մեր Մոկաց աշխարհը, մեր Մուշը, մեր Սասունն ու Վասպուրականը... Երգող գավառներ են. պետք է այդ ակունքներից երգեր վերցնել, վերցնել հնից եկածը, ճիշտը, սրտին մոտն ու հոգեհարազատը... Երբ երեխաների շուրթերից հնչում են այդ երգերը, իմ հոգու վրա խաղաղություն է իջնում»:
Երբ անկախության հովերի հետ հայ ազգագրական երգերի ճանապարհն արդեն բաց էր, Հայրիկն իր ուրախության հետ նաև մտահոգություն հայտնեց. «Մենք պիտի հիշենք, թե Կոմիտասն ինչ հարուստ ավանդույթ է թողել, հսկայական քանակությամբ երգեր, դրանք պետք է կոմիտասյան մաքրությամբ երգել. չի կարելի առանց ստուգման, առանց մասնագետների հետ խորհրդակցելու երգն ասպարեզ հանել, մանավանդ երեխաներին ուսուցանել»:
…Մաքուր, ազնիվ կյանքով ապրեց Հայրիկ Մուրադյանը, ապրեց ճիշտ այն սկզբունքով, ինչ խրատում էր մեզ. «Սիրելիներս, վատը կտեսնեք` լավ մնացեք, չարը կտեսնեք` բարի մնացեք, ծույլին կտեսնեք` աշխատասեր մնացեք, վախկոտը կտեսնեք` քաջարի մնացեք, ժանգը կտեսնեք` ոսկի մնացեք… Կուռ մնացեք, ամուր ու հաստատուն մնացեք, ազգին մնացեք»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ